Ըստ Transparency International-ի՝ Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվում 107-րդն է: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 35 միավոր են գնահատել:
Ադրբեջանը 31 միավորով զբաղեցնում է 122-րդ տեղը: Վրաստանը 56 միավորով 46-րդ տեղում է: Կոռուպցիայի ընկալման համաթիվը դասակարգել է 180 երկրների և տարածքների՝ փորձագետների և ձեռնարկատերերի կարծիքով երկրի պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակի համաձայն: Կոռուպցիայի ընկալման համաթիվն օգտագործում է 0-ից մինչև 100 միավորով սանդղակը, որտեղ 0-ն նշանակում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճանը, իսկ 100-ը՝ ամենացածր: Այս տարի համաթիվը ցույց է տվել, որ աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդը 50 միավորից պակաս է հավաքել, մինչդեռ ԿԸՀ միջին արդյունքը 43 բալ է կազմել: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի լայնածավալ փորձերին, շատ երկրներ այս պայքարում չափազանց դանդաղ են ընթանում: Վերջին 6 տարում մի քանի երկրներ կարողացել են ԿԸՀ-ում բարելավել իրենց արդյունքները` Կոտ դ’Իվուարը, Սենեգալը և Միացյալ Թագավորությունը, որոշ երկրներ վատթարացրել են իրենց ցուցանիշները` Սիրիան, Եմենը և Ավստրալիան: Այս տարի վարկանիշում ամենաբարձր արդյունքն ունեն Նոր Զելանդիան և Դանիան` 89 և 88 միավորով: Սիրիան, Հարավային Սուդանը և Սոմալին վարկանիշի վերջում են հայտնվել` 14, 12 և 9 միավորներով: Լավագույն ցուցանիշներով տարածաշրջանը Արևմտյան Եվրոպան է, որտեղ պետությունների միջին արդյունքը 66 միավոր է: Ամենավատ իրավիճակը Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում է (միջին միավորը 32 է) և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում (միջին միավորը 34 է):